Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 9-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կառավարությունն օրենքների նախագծերի փաթեթը համարել է անհետաձգելի, եւ այն ԱԺ ընդունած որոշման համաձայն քննարկվում է առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:
Գործադիրն առաջարկում է բարձրացնել կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթը չի լրամշակվել, առաջարկներ չեն ներկայացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: